Սերգեյ Մարգարյան 11:40 AM Նորություններ
Բացի այն, որ Ք.Էշթընի այցը կապվում է որպես տարածաշրջանային խնդիրների կարգավորման, Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Եվրոպայի նոր հայացքի, նոր մոտեցման մի ազդակ, պակաս կարևոր չէ ԵՄ կողմից տարածաշրջանի երկրներին տրամադրված գումարների արդյունավետության հարցը:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը պատեհ առիթ է ոչ միայն «հորթի հրճվանքով» բարձրաձայնելու, թե որքան միլիոններ է ԵՄ-ն տրամադրել ու դեռ տրամադրելու Հայաստանին և նրա հասարակական կազմակերպություններին` ժողովրդավարացման, կառավարման, մարդու իրավունքների, տնտեսական ազատականության բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, այլ մինչ այժմ հատկացրած պատկառելի գումարների արդյունավետությունը գնահատելու համար:
Մեր իրականության մեջ հաճախ, երբ զուգահեռներ են տարվում մեր և Վրաստանի իրավիճակներին, երբ մատնաշվում են Վրաստանի դրական տեմպերն ու ստեղծված բարենպաստ պայմանները, ասվում է, թե այնտեղ Արևմուտքը մեծ գումարներ է հատկացնում... Իսկ ի՞նչ է` Հայաստանին ԵՄ-ն քի՞չ գումարներ է տրամադրել... Առհասարակ` ի՞նչ է արվել Հայաստանում, բացի տարբեր ոլորտների առնչությամբ օրենսդրությունը շարունակական գործընթացով փոփոխելուց... Կամ` երբ փորձում ենք պատասխանել հարցին` ինչո՞ւ է հաջողվել Վրաստանում բազմաթիվ ոլորտներ հասցնել դրական մակարդակի, արդյոք դրա միակ պատճառաբանությունն ա՞յն է, որ այնտեղ ավելի շատ գումարներ են ներդրվել: Իհարկե ոչ: Վրաստանում պարզապես իշխանությունները քաղաքական կամք են դրսևորել, ինչը Հայաստանի գործող իշխանությունները պարզապես չունեն:
Որպեսզի ասվածը անհիմն չհնչի` ԵՄ պաշտոնական կայքում (http://eeas.europa.eu/delegations/web_en.htm ) տեղադրված փաստաթղթերից ներկայացնենք մի քանի տվյալներ, որոնք լույս են սփռում, թե վերջին տարիներին որքան գումարներ է ԵՄ-ն հատկացրել Հայաստանի կառավարությանը և հասարակական սեկտորին տարբեր ոլորտների աջակցության համար: Օրինակ` «Անչափահասների արդարադատության մոդելի մշակումը Հայաստանում» վերտառությամբ փաստաթղթից տեղեկանում ենք, որ 2010-2013թթ. Հայաստանին հատկացվել է 479,999 եվրո, 2008-2009թթ. Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին տրամադրվել է 803,484 եվրո, իսկ ահա Արդարություն և քրեական արդարադատության ոլորտի համար 2010-2011թթ. տրամադրվել է 130,000 եվրո: Շարունակենք. ՀՀ արդարադատության ոլորտից, որն, ինչպես հայտնի է, Հայաստանի ամենակոռումպացված համակարգն է, մեկ այլ խոսուն տվյալ ներկայացնենք: Հայաստանում արդարադատության աջակցության և մատչելիության նպատակով` 2009-2012թթ. ՀՀ կառավարությանը ԵՄ-ն տրամադրել է 3,961,502 եվրո: Խիստ ուշագրավ է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հատկացումը... Պարզվում է` 2009-2011թթ. տրամադրվել է 1,000,000 եվրո: ՀՀ արդարադատության նախարարության Տեխնիկական աջակցության (կամ արդարադատության բարեփոխումների առաջընթացի հատուկ աշխատանքային խմբի վերահսկման) նպատակով 2010-2011թթ. ԵՄ-ն տրամադրել է 195,304 եվրո: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն էլ 2009-2012 թթ. տրամադրվել է 1,100,000 եվրո:
Պակաս տպավորիչ չեն հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններին տրամադրած գումարները, որոնք նպատակ են հետապնդել բարելավել, բարեփոխել, աջակցել... կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կրթական ոլորտների, տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև Հայաստանի ենթակառուցվածքների, կապի և տրանսպորտային ոլորտի աջակցության համար տրամադրած գումարները:
Այս է պատկերը: ԵՄ-Հայաստան համագործացությունը, անշուշտ, դրական է, բայց արդյո՞ք գոյություն ունի վերահսկողություն` ԵՄ-ի տրամադրած գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ: Կարծես ժամանակն է, որ ԵՄ-ն վերանայի Հայաստանին հատկացվող աջակցությունը միայն գումարների չափերով պայմանավորելու իր քաղաքականությունը, քանի որ մեր հասարակության մեջ էլ ձևավորվում է այն հաստատուն համոզմունքը, որ գումարները, միևնույն է, դրական չեն անդրադառնում ՀՀ հասարակ քաղաքացու ապրելակերպի վրա, միևնույն է` պետական համակարգը մխրճված է կոռուպցիայի մեջ, իսկ ԵՄ-ից եկող` ամենակոպիտ հաշվարկներով շուրջ քսան միլիոն եվրոյի չափով գումարները ոչ միայն աննպատակ են ծախսվում, այլև պատրանք է ստեղծվում, թե Հայաստանը «հաստատուն քայլերով» գնում է դեպի ժողովրդավարացում: Իսկ եվրոպացի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ էլ կարծես ցանկանում են իրենց խաբել այդ համոզմունքով, և արդեն իսկ քաղաքական նկատառումներից ելնելով՝ գործող իշխանությունների բարեփոխիչ քայլերն են ողջունում ու սատարում:
Նյութը տրամադրել է՝ Մարինե Ստեպանյանը
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`