Սերգեյ Մարգարյան 11:22 AM Նորություններ
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներն էլ ուսանող տարիներին փախել են դասերից, լիկվիդներ ունեցել եւ բուռն ուսանողական կյանքով ապրել: Նոյեմբերի 17-ին` ողջ աշխարհում նշվող Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ NEWS.am-ը զրուցեց պատգամավորներից մի քանիսի հետ:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի ուսանողական կյանքում հետաքրքիր շատ դրվագներ են եղել, բայց ամենահետաքրքիրը 48-ժամյա հացադուլն է եղել նախագահական նստավայրի մոտ: «Ուսանողական ռոմանտիկայի տարրեր կային, որ 15 ուսանողներով պայքարեցինք: Հենց այդ հացադուլի ժամանակ պատահաբար ծանոթացա առաջին կուրսի ուսանողուհու հետ, ով հետագայում դարձավ իր կին եւ իմ երեխաների մայրը»,- նշեց Շարմազանովը: Վերջինս լիկվիդ չի ընկել, բայց մի անգամ չէր պարապել եւ չի մտել քննության, պարապելուց հետո «բաց դռների օրն» է մտել եւ 5 է ստացել: Նա նաեւ գումարով քննություն չի ստացել: Հարցին, թե ծխել է արդյոք արգելված տեղերում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն ժամանակ «Հրանուշ Հակոբյանի օրենքը չէր գործում, եւ իրենք ազատորեն ծխում էին մանկավարժական համալսարանի բուֆետում»: Նաեւ փախել է դասերից. «Լիարժեք ուսանողը պիտի եւ դասից փախած լինի, եւ թաքուն ծխած լինի: Երիտասարդական չարաճճիությունը բոլորն էլ պետք է արած լինեն»:
«Ուսանողական իմ կյանքը եղել է բուռն, չնայած այն ժամանակահատվածն էր, երբ դժվարություններ կային, երկրաշարժի շրջանն էր, փոփոխվում էր հասարակական կարգը, հասարակական-տնտեսական ֆորմացիան, իսկ տնտեսագետ ուսանողների համար դա կրկնակի բարդ էր, բայց մնացած ամեն ինչը` ընկերություն անելը, սիրահարվելը իր բարձր մակարդակի վրա էր»,- պատմեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա ուսանողական կյանքի ամենաուշագրավ պատմությունն էլ այն է եղել, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում կուրսեցիներով քեֆ են կազմակերպել: «Այնքան գինովցած էի, որ ծառը գրկած պառկել եմ գետնին: Ծառն էլ իմ հետ: Դե ծառը հարաբերական է ասված, շիվ էր, եւ պահպանվել են այդ դեպքի կադրերը»,- նշեց նա: «Լիկվիդ ընկե՞լ եք» հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ցավոք չեմ ընկել, բայց եղել են դեպքեր, երբ 4-ի եւ 5-ի պայքար է գնացել: Վերջում ասել եմ` ավելի լավ է լիարժեք լավ լինի, քան մի կերպ գերազանց»: Գումարով քննություն ստանալ էլ չի հաջողվել. «Կուրսում 30 հոգուց 28-ը գերազանցիկ էին, եւ պարզապես բարդ կլիներ այդ կուրսի հետ նման հարաբերությունների մեջ մտնելը: Գումար էլ չկար, լավագույն դեպքում կարտոֆիլ պիտի բերեին»: Արծվիկ Մինասյանը դասից փախել է, սակայն լիկվիդ չի ընկել:
ԱԺ անկուսակցական պատգամավոր, խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը իսկական օրինակելի ուսանող է եղել: «Հետաքրքիր շատ դրվագներ են եղել, հինգ տարին բավական երկար ժամանակ է, չեմ կարծում, որ ինչ-որ բանաձեւ կա` որոշելու, թե ինչ-որ դրվագ ավելի ուշագրավ էր, քան մյուսը»,- նշեց Տիգրան Թորոսյանը: Նա ամոթալի է համարում լիկվիդ ընկնելը, գումարով քննություն ստանալը: «Եթե դու ուզում ես սովորել, գնա եւ լիարժեք սովորիր, ափսոս է դրանք ծախսել այլ բաների վրա»,- նշեց Տիգրան Թորոսյանը: Պատգամավորը համալսարանում թղթախաղ էլ չի խաղացել եւ չի ծխել. «Մեկ-երկու անգամ փորձել եմ ծխել եւ պարզել եմ, որ անհեթե բան է, որից մարդը ոչ մի բան չի ստանում»: Թորոսյանը երբեմն միայն փախել է դասերից, ամբողջ կուրսի հետ:
Անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ միջին դարերի պատմության քննությունը ստանալու համար խաբել է դասախոսին: «Շատ հետաքրքիր դրվագներ են եղել, բայց ես մեկին կանդրադառնամ: Միջին դարերի պատմության քննության ժամանակ մեր դասախոսը Հուսիկ Նաջարյանն էր: իմ հարցերից մեկը Նիդեռլանդական հեղափոխությունն էր: Ես լավ չէի հիշում հեղափոխության առաջնորդների անունները: Քանի որ չէի հիշում, թվարկեցի 1974. Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի ամբողջ կազմը` Յոգբլանդ, Կրոյֆ, Նեսկենս եւ այլն: Դասախոսը հավանության նշան էր անում եւ վերջում ասաց` այդ ամենը ճիշտ ես ասում, բայց դրանք երկրորդական գործիչներն են»,- պատմեց Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս շատ լավ է սովորել, բայց նաեւ փախել է դասերից: «Եւ լիկվիդ եմ ընկել, եւ պարտքեր եմ ունեցել: Էլ ի՞նչ ուսանող, որ լիկվիդ չընկնի»,- նշեց նա: Գումարով կամ ծանոթով քննություն, սակայն, չի ստացել: Պատգամավորը ուսանող ժամանակ, ինչպես եւ այժմ չի ծխել: Վիկտոր Դալլաքյանը նաեւ եղել է դասերից փախուստների հիմնական կազմակերպիչը:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ուսանողական կյանքի ամենահետաքրքիր դրվագները կապված են Շուշի քաղաքի հետ, երբ նա աշխատել է այնտեղ, դասավանդել, շփվել շատ հետաքրքիր եւ հայրենասեր մարդկանց հետ: «Ժառանգության» պատգամավորը բացարձակ գերազանցիկ է եղել, ոչ մի անգամ լիկվիդ չի ընկել, բայց հաճախ փախել է դասերից, նույնիսկ ինքն է եղել փախուստների կազմակերպիչներից մեկը. «Էլ ի՞նչ ուսանող, որ դասից փախած չլինի»:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`