Սերգեյ Մարգարյան 11:58 AM Նորություններ
Բազմիցս խոսվում է Facebook սոցիալական ցանցի` Հայաստանում վերսոցիալական կառույց լինելու, ցանցի` հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ձևավորման վրա թողած ազդեցության մասին:
Սա մի ցանց է, որտեղ վիրտուալ տարածքում ստեղծվում են նախաձեռնություններ և իրենց շուրջը ներգրավում հազարավոր մարդկանց, որոնց պայքարը, վիրտուալից տեղափոխվելով իրական կյանք և վերածվելով իրական գործողությունների, պսակվում է այնպիսի հաջողությամբ, ինչպիսին, օրինակ, Թռչկանի ջրվեժի խնդրի լուծումն է: Այսինքն` այսօր այն դարձել է վերահսկող մեխանիզմ:
Facebook սոցիալական ցանցը մեծ դերակատարում ունի նաև ԱՄՆ -ում: Նախագահ Բարաք Օբաման այս տարվա իր ամենամյա ուղերձում փաստեց, որ ԱՄՆ-ը Google-ի և Facebook-ի ազգ է: Քաղաքական գործիչների մուտքը Facebook աշխարհում ընդունված պրակտիկա է: Բարաք Օբամային, օրինակ, Facebook-ում հավանում է 24,082,811 հոգի: Ցանցում ակտիվ են հատկապես վրացի քաղաքական գործիչները:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ցանցում ակտիվորեն սկսեցին գործել նաև ՀՀ քաղաքական գործիչների, վարչապետի, քաղաքապետի ֆեյսբուքյան էջերը: Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո նրա պատը ըստ էության լռեց, իսկ վարչապետն էլ հարբած ելույթից հետո առաջին պարզաբանումը գրեց Facebook-ում:
Վերջերս Facebook-ում փորձում է ակտիվանալ ՀՀ երկրորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը (մի փոքր ուշացումով նա էլ հայտնվեց Facebook- ում), որի էջի վրա աշխատողները, admin-ները կարծես անհաղորդ լինեն աշխարհին, քանի որ այնպիսի մարդկանց են ներգրավում կամ միացնում Ռոբերտ Քոչարյանի խմբին, որ զարմանում ես: Օրինակ` Նիկոլ Փաշինյանին, Վահան Թումասյանին, Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսին և շատ ուրիշների: Հատկանշական է, որ թիվը երեկ օրվա ընթացքում անընդհատ նվազում էր. սկզբում 859-ն էր, օրվա վերջում դարձավ 851, այսինքն` փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանից ֆեյսբուքյան հասարակությունն էլ է երես թեքում:
Փորձեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ճշտել, թե որքանով է Ռոբերտ Քոչարյանի ֆեսյբուքյան էջը պաշտոնական, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:
«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը երեկ շատ պատահաբար էր հայտնաբերել, որ Քոչարյանի ֆեյսբուքյան խմբում է հայտնվել, քանի որ վերջինս Ռոբերտ Քոչարյանին համարում է Հայաստանում կրիմինալ համակարգի կատարելագործողն ու հովանավորը: «Պատահական չէ, որ ինձ այդ խմբում ընդգրկել է սփյուռքահայ Վրեժ Եղիազարյանը, նա այստեղից չէ, եթե այստեղից լիներ, կհասկանար, որ պետք չէ նման բան անել, սա, վստահ եմ, անտեղյակության հետևանք է»,- ասաց Վահան Թումասյանը` նշելով, որ հենց հայտնաբերել է, որ ընդգրկված է այդ խմբում, դուրս է եկել, համարելով, որ ինքը խմբում հայտնվել է ընդգրկողի անտեղյակության հետևանքով: Նա ավելացրեց, որ առհասարակ լուրջ չի վերաբերվում ֆեյսբուքյան խմբերին, և երբ նկատում է, որ իրեն թյուրիմացաբար այս կամ այն խմբում են ընդգրկել, դուրս է գալիս:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նրա վերաբերմունքը չի փոխվել. «Կարծում եմ` անհեթեթ են նրան նորից իշխանության բերելու բոլոր նկրտումները»: Բայց, այնուամենայնիվ, գտնվում են մարդիկ, ովքեր գովերգում են:
Բլոգեր Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ երբ մի քանի ամիս առաջ Facebook-ը խմբերին միանալու հնարավորություն ստեղծեց, այդ պահից սկսած, յուրաքանչյուրը կարող էր այնպիսի խմբի անդամ դառնալ, որի մասին երբևէ չէր լսել. «Չեմ մեղադրում, սա սովորական պրակտիկա է դարձել, բայց համարում եմ ոչ կոռեկտ: Սա անում են բոլորը և սկսում են իրենց ընկերներին մտցնել խմբեր»,- ավելացրեց Արմեն Հովհաննիսյանը` նկատելով, որ իր շատ ընկերներ սկսեցին իրենց ֆեյսբուքյան պատերին գրել, որ այսուհետ առանց իրենց համաձայնության` իրենց չներգրավեն այս կամ այն խմբում, այլապես սա կարգավորման այլ մեխանիզմ չունի:
Բլոգեր, ճարտարապետ Արսեն Կարապետյանին (Shur Dabavog) նյարդայնացնում է այս կամ այն խմբում ներգրավվելը. «Ազատամիտ մարդ եմ և չեմ սիրում նույնիսկ, երբ ինձ իմ կամքից վեր ճաշի են հրավիրում, ուր մնաց ինչ-որ խմբի միացնեն: Ճիշտն ասած, Ռոբերտ Քոչարյանի խմբի մասին առաջին անգամ եմ լսում, բայց, իհարկե, ցանկացած դեպքում այն ինձ նյարդայնացնում է»,- ասաց Արսեն Կարապետյանը` ավելացնելով, որ այս կամ այն խմբին միացնելը Facebook-ի թերությունն է, նման հնարավորություն չպետք է լինի ցանկացած դեպքում: Իսկ թե քաղաքական գործիչն ինչ է հետապնդում` արդյոք հետադարձ կա՞պ հասարակության հետ, Արսեն Կարապետյանը կարծում է, որ ոչ այնքան հետադարձ կապի խնդիրն է, սա ոչ թե քաղաքական գործիչների, այլ պետական գործիչների նպատակը պետք է լինի. «Գուցե Կարեն Կարապետյանին հետաքրքիր էր հետադարձ կապ ունենալ հասարակության հետ, բայց քաղաքական գործիչներին հաստատ հետաքրքիր չէ, նրանք Facebook-ն ավելի շատ որպես գործիք են օգտագործում»,- ավելացրեց Արսեն Կարապետյանը:
Թե ինչ ճանապարհ կանցնեն Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջերը, դժվար է կանխորոշել, սակայն մի բան պարզ է` էջի վրա աշխատող ադմինիստրացիան չի տիրապետում իրավիճակին: Ավելին` Էլեոնորա Գևորգյանին (ադմին) նամակ գրեցինք` մի քանի ճշտում անելու համար, սակայն ինչպես միշտ, փակ են գործում, այնինչ Facebook-ը բաց և թափանցիկ գործողությունների կողմնակից է:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`