Blogger Widgets

Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտները տուգանվեցին ընդհանուր առմամբ 30 մլն դրամով


Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտները տուգանվեցին ընդհանուր առմամբ 30 մլն դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ Երևան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով ևս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում և մոլորեցնում են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով գնային և որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից և բնականաբար շատ ավելի էժան է:
Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի անվան տակ անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:
Այսպես, իրավախտումները կատարվել են 2 ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են ''Բիո-Ֆուդ'', ''Բրենդ Լիդեր'', ''Կարթել-Աննա'', ''Ֆելիքս-Սարգ'' և ''Արդիս'' ՍՊԸ-ները:
Հանձնաժողովը բացահայտել է նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն են ''Ալեքս Գրիգ'', ''ՍԱՍ Գրուպ'', ''Սթար Դիվայդ'', ''Ֆրեշ'', ''Նոր Զովք'' ՍՊԸ-ները: Տեղեկացնենք, որ վերոնշյալ բոլոր ընկերությունները Հանձնաժողովի որոշմամբ մանրածախ առևտրի ոլորտում հանդիսանում են գերիշխող: Եվ հենց այդ պատճառով էլ Հանձնաժողովը ուսումնասիրություններն իրականացրել է այդ ընկերություների սուպերմարկետներում և չի բացառվում, որ նման խախտումներ թույլ են տալիս նաև այլ խանութներ, որոնք Հանձնաժողովի տեսադաշտից դուրս են:
Չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունեցին իրենց խախտումը` խոստանալով հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը: Ի դեպ, Հանձնաժողովը մոնիթորինգի միջոցով արդեն պարզել է, որ խախտումներն այս ընկերություններում վերացված են: Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է, անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կկազմի 30 մլն դրամ:Նշենք, որ համաձայն օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Միևնույն ժամանակ Հանձնաժողովը տուգանվողներին զգուշացրեց, որ երկրորդ անգամ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքի չափն անհամեմատ ավելի մեծ կլինի:
Ի դեպ, վերոնշյալ բացահայտումներն աննախադեպ են այն առումով, որ մինչ այս տնտեսվարողների գործունեության նման լայնածավալ փաստաթղթային ուսումնասիրություն և զուգահեռաբար լաբորատոր փորձաքննություն չի իրականացվել:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More