Ապրիլի 9-ին մայրաքաղաքում կտնկվի 15300 ծառ. 3600-ը փողոցներում,4350- ը զբոսայգիներում և պուրակներում: 2970-տնկիներ համատիրությունների ուժերով տեղ կգտնեն բակային տարածքներում: Եվս 4360 ծառեր կտնկվեն առողջապահական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում: Զանգվածային ծառատունկ կիրականացվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Փարոսի բլուր կոչվող տարածքում, որտեղ կվերագործարկվի նաև ոռոգման համակարգը:
Անդրադառնալով տարեկան ծրագրի դրույթներին, քաղաքապետի տեղակալը նշեց, որ մայրաքաղաքում 2011 թ.-ին բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են նախատեսված շուրջ 2 մլրդ. դրամ արժեքով: Աշխատանքներ կիրականացվեն ինչպես եղած կանաչ գոտիների պահպանության, այնպես էլ նորերի ձևավորման ուղղությամբ: Վարչական շրջաններում արդեն մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված 4000 մշտադալար տնկիների ծառատունկը, այդ թվում նաև քաղաքի հիմնական մուտքերին հարող փողոցներում:
Զուգահեռ իրականացվելու են շուրջ 300 մլն դրամ արժողությամբ ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ: Մայրաքաղաքում այս տարի կմեկնարկելի տնկարկային 2 խոշոր անտառների ստեղծման նախագիծը: Առաջինը 51 հեկտար տարածքով` Էրեբունու ՋԷԿ-ին հարող հատվածում, որից 21 հա այս տարի, իսկ երկրորդ անտառագոտին`60 հա տարածքով` Էրեբունի օդանավակայանին հարող հատվածում: Համաքաղաքային բյուջեից շուրջ 600 մլն դրամ էլ կուղղվի նոր սիզամարգերի ու ծաղկանոցների ծրագրին: Բարեկարգման ընդհանուր աշխատանքների ծավալները կկազմեն մոտ 20 մլրդ դրամ,ևս 7.7 մլրդ. դրամի աշխատանքներ պատվիրակված են վարչական շրջաններին: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`