Blogger Widgets

Ինչպե՞ս ընտրել սանրվածքը եւ մազերի գույնը, Նորաձեւության տենդենցներից

Նորաձեւության աշխարհում դեռ շարունակում են իշխել 2011թ-ի տենդենցները: Մասնավորապես`  կանացի մազերի դեպքում  իշխող են կրակագույնի եւ նարնջագույնի տարբեր երանգները, սեւին մոտ մոխրագույնը, վանիլային երանգները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմինկա» գեղեցկության ստուդիոյի հիմնադիր, գլխավոր ոճաբան, Լուսինե Նահապետյանը` երգչուհի Արմինկայի քույրը: Նրա խոսքով` սանրվածքներից շարունակում են նորաձեւ մնալ կառեյի տարբեր տեսակները, բնականին մոտ սանրվածքները, իսկ «կոնկրետ աշխատված մազերը այդքան էլ նորաձեւ չեն»: Երգչուհի Նունե Եսայանին պատկանող գեղեցկության սրահի` «ՆՆ-ի» վարսահարդար Աղավնի Ասլանյանը նշեց, որ ձմռանը նախընտրելի է, որ մազերի գույնը լինի տաք երանգների մեջ: Մասնավորապես, նրա խոսքով, նորաձեւ  է մազերը ներկել շագանակագույն, շոկոլադե գույն եւ դրանց տարբեր երանգներով: Նա եւս շեշտեց, որ նորաձեւ են բնականին մոտ ալիքաձեւ մազերը:
«Սանրվածքների շատ խիստ չեն հետեւում, մինչեւ 30 տարեկան կանայք եւ աղջիկները անում են այն, ինչ իրենց դուր է գալիս, իսկ 30 անց կանայք եւ աղջիկները նախընտրում են շերտավոր կառե»,- նշեց Աղավնին` հավելելով, որ առօրյա սանրվածքների մեջ նորաձեւ են «չյոլկայով կիսաթափված պոչիկները, գլխավերեւում ուռուցիկ հավաքված կոսը», մինչդեռ երկու տարի առաջ նորաձեւ էր ձիգ հավաքված «պոչիկները»: Մեկ այլ գեղեցկության սրահում` «Ագա պերսոնայում» վարսահարդար Ալինա Մկրտչյանը նշեց, որ նորաձեւ են մազերի բնական երանգները, օրինակ` փայտեգույնի, շագանակագույնի երանգները: Ինչ վերաբերում է սանրվածքներին, ապա մասնագետի խոսքով, չնայած մեզանում նախընտրում են տոնական սանրվածքները, բայց ավելի նորաձեւ են «կոսային սանրվածքները», զանազան հյուսերը, պոչիկները:
Հավելենք, որ ամեն մարդ ինքն է ընտրում իր սանրվածքը, բայց ամեն դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Օրինակ` կարճահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում  ունենալ շատ երկար մազեր, քանի որ դա ավելի է «կարճացնում» հասակը, իսկ բարձրահասակ աղջիկներին` ընդհակառակը: Վարսահարդարները խորհուրդ են տալիս նոր սանրվածք եւ մազերի նոր գույն ընտրելիս հաշվի առնել նաեւ դիմագծերը, օրինակ` գեր կանայք շատ կարճ սանրվածքներ չպետք է անեն:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More