Blogger Widgets

Դիետա...Ինչպես ճիշտ նիհարել

Ավելորդ քաշից ազատվելու հարցը շատերին է անհանգստացնում, և ցանկանալով արագ և արդյունավետ նիհարել` մենք միանգամից դիմում ենք բարեկազմ մարմին ունենալու ամենալավ գովազդված միջոցներին` չմտածելով, որ հաճախ շատ կարծիքներ այս կամ այն միջոցների արդյունավետության մասին թյուր են և գիտականորեն չապացուցված: Այդպիսի միֆերը շփոթեցնում են մեզ` ստիպելով անիմաստ գումար և ժամանակ վատնել: Փորձենք հասկանալ, թե որոնք են այն սխալները, որոնք մեզ շեղում են գեղեցիկ մարմին ունենալու ճիշտ ճանապարհից:

Օրինակ` համարվում է, որ մի գավաթ կարմիր գինին նպաստում է ճարպեր յուրացնելու նվազեցմանը: Իբր` ֆրանսիացիները նախաճաշելիս, ճաշելիս և ընթրելիս գինի են խմում և այդ պատճառով էլ չունեն գիրացման խնդիր: Մի գավաթ լավ գինին, իրոք, կարող է օգտակար լինել օրգանիզմին, սակայն ոչ մի ընդհանուր բան չունի ճարպերի յուրացման և նիհարելու հետ: Իսկ ֆրանսիացիների բարեկազմությունը նրանց խոհանոցի և ուտելու սովորույթների արդյունքն է: Այդ պատճառով, եթե ուզում եք նիհարել, ավելի լավ է մի սևեռվեք գինու վրա, այլ օրինակ վերցրեք ֆրանսիացիներից. ավելի հաճախ կերեք, բայց ոչ մեծ չափաբաժիններով, լավ ծամեք կերակուրը, մի կերեք ֆաստ ֆուդ և կիսաֆաբրիկատներ: Կամ էլ անցեք ֆրանսիական դիետային` մաքսիմում բանջարեղեն, միրգ և ակտիվություն:

Մեկ այլ թյուր կարծիք կա կաթի և կաթնամթերքի մասին. նիհարելու համար դրանք պետք է բացառել մենյուից: Այդպես չէ: Հարկավոր է քչացնել միայն յուղոտ կաթնամթերքի օգտագործումը: Ինչ վերաբերում է ճարպազրկված տարբերակներին, ապա դրանք կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ: Իսկ կեֆիրային դիետան մինչ օրս համարվում է լավագույններից մեկը:

Հայտնի է, որ մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոէլէմենտներ և օրգանիզմին անհրաժեշտ այլ նյութեր: Այնուամենայնիվ` շատ կանայք հրաժարվում են գազարից, բանանից, խաղողից` հիմք ընդունելով այն, որ դրանք շատ շաքար են պարունակում: Շատ իզուր: Դրանց մեջ, իրոք, կա շաքար, սակայն այն հեշտ յուրացվում է և ոչ այնքան, որ մարմնին հասցված վնասը համեմատվի օրգանիզմին տված օգուտի հետ: Գոյություն ունի նույնիսկ խաղողի դիետա, ի դեպ` շատ արդյունավետ:

Փոխարենը շատ կանայք չարաշահում են այնպիսի դիետիկ սննդամթերք, ինչպիսին հազարը (մարոլ): Այն իրոք օգտակար է, ինչպես և մնացած ագարակային սննդամթերքները: Բացի այդ այն նպաստում է կալորիաների այրմանը: Բայց, հարգելի կանայք, միայն հազարով ապրել չի լինի: Եթե ձեր դիետան կազմված լինի միայն հազարից, ապա ավելորդ քաշի հետ մեկտեղ դուք կկորցնեք նաև ձեր առողջությունը: Գուցե իմաստ ունի հազարից անցնել աղցանների՞:

Կան կանայք, որոնք սկսում են խիստ չարաշահել սուրճը` իմանալով, որ կոֆեինը նպաստում է նյութափոխանակության արագացմանը: Այո, դա ճիշտ է, բայց հաշվի առեք, որ մեծ քանակությամբ սուրճը դուրս է բերում կալցիումը և մագնիումը, որոնք մեծ դեր ունեն մեր օրգանիզմի նորմալ աշխատանքի համա: Արդյո՞ք մեկը մյուսին արժե: Սուրճի վրա հիմնված ճապոնական դիետան մեծ քննադատությունների է արժանացել: Եթե առանց սուրճի ապրել չեք կարող, լսեք մասնագետների խորհուրդը և սովորություն դարձրեք սուրճը խմել ջրով. դա ոչ միայն ընդգծում է համը, այլև լրացնում է հեղուկի պակասը (սուրճը ջրազրկում է օրգանիզմը):

Վերջապես անդրադառնանք այն միֆին, որը ավելորդ քաշի դեմ պայքարողների ամենաթույլ տեղն է` քաղցրավենիքը: Մեկ ընդ միշտ հիշեք` դուք կարող եք ձեզ թույլ տալ ուտել մի քանի կտոր շոկոլադ` առանց գիրանալու վտանգի: Հատկապես եթե նախընտրեք բնական սև շոկոլադ, որը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ և հարուստ է մագնիումով: Մի կտոր շոկոլադը և́ քաղցի զգացումը կբթացնի, և́ կբարցրացնի տրամադրությունը, մարմնի հետ էլ ոչինչ չի լինի: Պետք է խուսափել ոչ մաքուր շոկոլադից: Այստեղից հետևություն` մի փոքր շոկոլադը վճռորոշ չի լինի ձեր մարմնի և առողջության համար, սակայն պետք է հստակ իմանալ սահմանները և չչարաշահել քաղցրը:

Ինչ վերաբերում է շաքարին, ապա “շաքարը սև մահ է” թևավոր արտահայտությունը մինչև հիմա արդիական է: Բացի այդ գիտնականները պարզել են, որ շաքարը նույնպիսի կախվածություն է առաջանում, ինչպես նիկոտինը կամ կոֆեինը: Շաքարի դեմ պայքարում կօգնի աստիճանաբար հետ վարժեցման մեթոդը. ամեն անգամ թեյի մեջ գցեք ավելի քիչ շաքար: Շուտով դուք կսովորեք ոչ քաղցր թեյի համին և այսպիսով կկարողանաք ձերբազատվել ավելորդ կալորիաներից:

Իսկ հիմա մի քանի խոսք ճիշտ կարծիքների մասին, որոնք ձեզ կօգնեն իդեալական քաշի հասնելու ճանապարհին: Հիշեք, որ սնունդը էներգիայի աղբյուր է, որն ընդ որում սերտորեն կապված է մեր քաշի հետ: Սպիտակուցները հեշտ են յուրացվում և գրեթե չեն անդրադառնում մեր քաշի վրա: Իսկ ածխաջրերից ստացված կալորիաների ավելցուկը հաճախ բերում է քաշի ավելացմանը, իսկ ահա ճարպերը լրացուցիչ ռեսուրս են օրգանիզմի համար և պահվում են որպես պաշար:


Դե ուրեմն ինքներդ մտածեք` ինչն է ավելի լավ ուտել և ինչպիսի էներգիայով լիցքավորվել:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More